ՌԱԴԻՈ

Էլբակյան. «Արցախում այսօր բողոքի որևէ գործողություն չի նախատեսվում»

Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ էդգար Էլբակյանը խոսում է Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություների մասին։
Sputnik
Էդգար Էլբակյան

Էլբակյանը ներկայացնում է Արցախում տեղի ունեցած դեպքերի հաջորդականությունը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո Ստեփանակերտում դադարեցին բողոքի գործողությունները: Նա խոսում է նաև այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ իրադարձությունները։

«Առհասարակ Հայաստանի Հանրապետության և մասնավորապես Արցախում ուժային կառույցների ներսում կարող են լինել թափանցիկ գործունության որոշակի խնդիրներ, և դա հասկանալի է, պարզ է, տրամաբանական, բայց միայն ուժային կառույցները թիրախավորելը և զանգվածային ակցիաների թիրախ դարձնելը` առանց կոնկրետ խնդիր մատնանաշելու, վտանգավոր է»,- ասում է նա։

Հիշեցնենք` Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ աշխատակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո արցախցիները դուրս էին եկել փողոց և պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:

Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն երեկ երեկոյան հայտարարեց բողոքի գործողությունները դադարեցնելու մասին:

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ երեկ մտահոգություն էր հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` կոչ անելով Նիկոլ Փաշինյանին միջամտել՝ Ղարաբաղում ներքաղաքական կայունությունը վերականգնելու համար: Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորել էր «զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»: