Հանրապետականը չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը. Շարմազանով

ՀՀԿ խոսնակը տեղեկացրել է, որ ՀՀԿ հիմնական թիմը ծրագրին դեմ կքվեարկի, քանի որ կառավարության ներկայացրած փաստաթղթում չի տեսնում ռազմավարություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Հունիս — Sputnik. ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակն ասել է, որ պետք է հնարավորություն տալ կառավարությանը ծրագիրն  իրականացնելու։ «Անհրաժեշտ ձայներ կապահովենք, արհեստական խոչընդոտներ չենք հարուցի ծրագրի ընդունմանը»,– ասել է խորհրդարանում ընդդիմության վերածված քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ Ազգային ժողովի փոխնախագահը։

Շարմազանովը չգիտի, թե ՀՀԿ–ն ինչպես կաջակցի 1/3-ի թեկնածուին

Էդուարդ Շարմազանովը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի բովանդակությանը և այն անվանել «բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու»:
«Մենք այս կառավարությանը տվել ենք 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր, և կարծում եմ, որ այնուհանդերձ թվերը կարևոր են, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչպիսի զարգացման տեմպեր պետք է ապահովվի, չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին: Դա, իմ պատկերացմամբ, առնվազն երկնիշ տնտեսական աճի տեմպերի ապահովումն է: Ո՞ւր են թվերը. չկան»,- ասել է Շարմազանովը։ Նա նաև հավելել է, որ կառավարության ծրագրում տարբեր ոլորտների մասով կան բազմաթիվ խնդրահարույց կետեր:

Ամփոփելով` ՀՀԿ խոսնակը տեղեկացրել է, որ ՀՀԿ հիմնական թիմը ծրագրին դեմ կքվեարկի, քանի որ կառավարության ներկայացրած փաստաթղթում չի տեսնում ռազմավարություն: