ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Երևանի շենքերից մեկում պատշգամբը փլուզվել է և ընկել բակում կայանած ավտոմեքենաների վրա։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 3-ին, ժամը 22:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Գ շենքի 15-րդ հարկի պատշգամբը փլուզվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարանի շքամուտքում կառուցված խորդանոցի երկշերտ պատի արտաքին մասի բետոնե կառուցատարրը փլուզվել է՝ մոտ 1 քմ, ընկել 1-ին հարկում գտնվող «Էդոռա» գեղեցկության սրահի թիթեղյա ծածկի վրա և վնասել այն՝ 4 քմ: Շենքի բակում կայանած հայտնաբերվել են վնասված «Honda Fit» և «Mercedes C» մակնիշերի ավտոմեքենաները:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: