Թբիլիսիի մետրոպոլիտենը կաթվածահար է. մեքենավարները գործադուլ են անում

Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները որոշել են գործադուլ անել` աշխատավարձների բարձրացում պահանջելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Վրաստանի մայրաքաղաքի մետրոպոլիտենը չի գործում` աշխատավարձերի բարձրացում պահանջող մեքենավարների գործադուլի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վրացական Առաջին ալիքին։

«Մետրոյի մուտքի մոտ պաստառ է տեղադրված, որը առաջարկում է օգտվել ավտոբուսից, քանի որ մետրոն փակ է», – հայտնում է հեռուստաալիքն ու նշում, որ մեքենավարները մտադիր են նաև հացադուլ սկսել։

Ընդ որում` ավտոբուսները երկուշաբթի անվճար են երթևեկելու։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ավելի վաղ դժգոհել էր գործադուլ անելու մեքենավարների որոշումից և հայտարարել, որ նրանք բավարար աշխատավարձ են ստանում։

Մետրոյի մեքենավարները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, և մեկ ժամի դիմաց 7 լարիի փոխարեն վճարել 10 լարի։ Մետրոպոլիտենում, ընդհանուր առմամբ, մոտ 240 մեքենավար է աշխատում։