ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում կրկին անդրադարձել է Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությանը։
«Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանն արված նվիրատվությունների նախնական-ամբողջական հաշվետվություն»,- գրել է նա և հրապարակել հաշվետվությունը։
Հրապարակված ցանկից պարզ է դառնում, որ փոխանցումներն արվել են ԱՄՆ-ից, Ավստիայից, Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Կանադայից, Կիպրոսից, Հայաստանից, նույնիսկ` Կորեայից։
Ցանկի վերջում նշված է, որ ընդհանուր առմամբ փոխանցվել է 73 միլիոն 589 հազար 894 դրամ, 51 հազար 910 դոլար, 14 հազար 344 եվրո, 2 միլիոն 48 հազար 408 ռուբլի (ընդամենը` մոտավորապես 123 միլիոն դրամ)։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։ Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։