Վարորդները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր առավոտից բողոքի ակցիա է։ Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները հանդիպում են պահանջում վարչապետի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Միջպետական արտոնագիր չունենալու պատճառով մասնավոր ուղևորափոխադրողներին պատկանող ավտոբուսներին թույլ չեն տալիս հատել Ռուսաստանի սահմանը։

Բանն այն է, որ հունիսի 1-ից դեպի Ռուսաստանն և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հայ վարորդներին արգելվել է առանց միջպետական արտոնագրի հատել Ռուսաստանի սահմանը։

Փոխադրողները պայմանավորվել են նախարարության հետ. ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ռուսաստանից

Վարորդները դժգոհ են նաև ուղևորափոխադրումների թույլտվության համար անցկացվող մրցույթներից և պահանջում են օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ լիցենզավորման նախկին համակարգին` հավասար պայմաններ սահմանելով բոլոր փոխադրողների համար։

«150 000 դրամ տուրք է սահմանված միանգամյա երթի փաստաթղթի դիմաց։ 150 000 դրամ վճարում ես, քեզ թուղթ են տալիս, վճարելուց հետո էլ քեզ էլի կարող են տուգանել։ Մեկը մյուսի հետ կապ չունի»,– ասում են կառավարության շենքի դիմաց հավաքված վարորդները։

Վարորդների խոսքով` սահմանը հատելու միանգամյա թույլտվություն ունեցողներին ՌԴ–ում կարող են 120 000 ռուբլով տուգանել` որպես անօրինական փոխադրումներ իրականացնողի։

«Բացի այդ 150 000–ը նաև ամեն նստարանի դիմաց 2400 դրամ տուրք են գանձում` անկախ նրանից քո մեքենան լրիվ լիքն է, թե ոչ»,– ասաց ոչ կանոնավոր փոխադրումների իրականացնող ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը։

Ուղևորափոխադրողներին կառավարության ընդունարանում ընդունել է ՀՀ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում վերջինները ներկայացրել են իրենց խնդիրներն ու պահանջները։ Հանդիպումը, սակայն, վարորդներին չի բավարարել։

Այս պահին կառավարության շենքի դիմաց հավաքված ուղևորափոխադրողները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ, նրանց խոսքով, խնդիրը միայն միջպետական պայմանավորվածության արդյունքում կարող է լուծում ստանալ։