Երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները կնվազեն. Օսիպյան

Հայաստանի ոստիկանապետը պատասխանեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի հարցին, որը վերաբերում էր տուգանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Լինելու է տուգանքների գների նվազեցում, այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին այն հարցին, թե վերանայվելու է արդյոք արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործարկմամբ երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների պրակտիկան:

«Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ արագաչափերը և տեսանկարահանող սարքերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ամենակարճ ճանապարհներից մեկը՝ որոշ ընտանիքներին սարքելով մուլտիմիլիարդատերեր»,- ասաց Զոհրաբյանը։

Օսիպյանն ի պատասխան նշեց, որ ոստիկանությունն այդ կապակցությամբ առաջարկություններ ունի, որոնք ներկայացնելու է կառավարությանը։

«Լինելու են տուգանքների գների նվազեցում, արագաչափերի վերանայում է լինելու, արդյո՞ք արագաչափերը պետք է մնան, շարժական արագաչափեր լինե՞ն, թե՞ ոչ: Ոստիկանությունը ունի բազմաթիվ բողոքներ, բողոքների մեծ մասը վերաբերում է տեսանկարահանող սարքերին, բայց դա չի նշանակում, որ մենք արագաչափերի հարցը չենք վերանայելու»,- ասաց Օսիպյանը:

Նրա խոսքով` առաջարկները մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն կառավարությանը: