Հայաստանը կարկուտից պաշտպանելու համար անհրաժեշտ է 1.2 մլն դոլար

Հայաստանում գործածվող 547 գազային հակակարկտային կայանները արդյունավետ չեն և ծածկում են Հայաստանի տարածքի միայն 8 տոկոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ն ԱԺ-ում ներկայացրեց, թե ինչ է արվել անցյալ տարի կարկուտից հայաստանցիներին պաշտպանելու համար, որպեսզի Հայաստանի տարածքն ամբողջությամբ պաշտպանված լինի կարկուտից, անհրաժեշտ է 71 ժամանակակից հրթիռային կայան: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2017թ. պետական բյուջեի տարեկան կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:

«Մեկ կայանի արժեքը 18 000 դոլարին համարժեք դրամ է՝ չհաշված հրթիռները: Որոշ խնդիրներ են եղել` կապված այդ հրթիռների գործարկման հետ: Համապատասխան ծառայություններն աշխատել են արտադրող կազմակերպության հետ, շտկումներն ավարտվել են: Հիմա բյուջեով պետք է համապատասխան միջոցներ տրամադրվեն, որպեսզի կարողանանք դա իրականացնել»,-ասաց նա` ներկայացնելով ՌԴ-ից գնված կայանների ներդրման ծրագրի ներկա փուլը:

Փոխնախարարը հայտնեց, որ ներկայում գործածվող 547 գազային հակակարկտային կայանները արդյունավետ չեն և ծածկում են Հայաստանի տարածքի միայն 8 տոկոսը:

Հայաստանի հրթիռները Թուրքիա չեն հասնի. երկրի գլխին կարկուտի փոխարեն այլ փորձանք չի գա

«Նոր կայաններն ավելի արդյունավետ են, քանի որ արծաթայոդային գոյացության միջոցով կարկուտը ցրում են»,- ընդգծեց փոխնախարարը:

Հայաստանի Արմավիրի և Արագածոտնի մարզերում արդեն տեղակայվել են ժամանակակից հակակարկտային հրթիռային 3 կայան: ԱԻՆ-ի պատվերով 2017 թվականին ռուսական «Անտիգրադ» գիտաարտադրական ընկերությունը ուսումնասիրություն էր կատարել Հայաստանի տարածքում, նախանշել կարկտաբեր առավել վտանգավոր տարածքները և կազմել հրթիռային կայանների տեղադրման քարտեզ:

Հայաստանի կառավարության որոշմամբ իրականացված հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակում արդիականացվել է Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանը, իրականացվել է անձնակազմի ուսուցում, ձեռք է բերվել հրթիռային 3 կայան և 120 հրթիռ: