ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում Արցախում թավշյա հեղափոխության կրկնությունը

Պատգամավորը հույս ունի, որ Արցախում ստեղծված իրավիճակն արագ ու ընդունելի տարբերակով հանգուցալուծում կստանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Արցախում թավշյա հեղափոխության սցենարի կրկնությունը բացառել պետք չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով Արցախում վերջին օրերին ստեղծված իրավիճակին:։

«Որևէ բան բացառել պետք չէ: Վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները հավաստեցին, որ ամեն բան կարող է տեղի ունենալ և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում», — ասաց Նահապետյանը` հույս հայտնելով, որ կլինի այնպիսի կարգավորում, որը կբխի Արցախի ժողովրդի և անվտանգության շահերից:

Հարցին, թե արդյոք Հայաստանում իշխանությունը պե՞տք է միջամտի Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, Նահապետյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որոշակի գնահատականներ այստեղից պետք է հնչեցվեն։ Որևէ քայլ չպետք է ձեռնարկել, որը կվտանգի Արցախի ժողովրդի անվտանգությունը, որի հետևանքով Արցախում կարող է ստեղծվել անկայունություն։ Նման իրավիճակից հակառակորդը օգտվելու հնարավորություն ունի»:

Իսկ Արցախում ստեղծված իրավիճակը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը մտահոգիչ է համարում` հույս հայտնելով, որ այն արագ ու ընդունելի տարբերակով հանգուցալուծում կստանա:

Հիշեցնենք` Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ աշխատակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո արցախցիները դուրս էին եկել փողոց և պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: