Բաբայանը մեկնաբանում է Արցախում ստեղծված իրավիճակն ու կոչ անում զերծ մնալ սադրանքներից

Արցախի իշխանություններն ընդունում են մարդկանց բողոքելու իրավունքը, բայց կոչ են անում սադրանքի չտրվել և չգնալ վտանգավոր քայլերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են բողոքի ակցիանները` հունիսի 1–ին քաղաքացիների և հատուկջոկատայինների միջև տեղի ունեցած կենցաղային թեմայով ծեծկռտուքի պատճառով։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, կատարվածը հետաքննվում է, բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ` անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից կամ դիրքից։

Հայտնի է` ԱԱԾ աշխատակիցներից ովքեր են մասնակցել ծեծկռտուքին

Ծեծկռտուքն արձանագրել են ճանապարհային տեսանկարահանող սարքերը, այն նաև հայտնվել է համացանցում։ Այնպես որ, ամեն ոք կարող է նայել ու հավաստիանալ, որ խնդիրը ծագել է կենցաղային հողի վրա։

«Ցավոք, որոշ ուժեր ցանկանում են քաղաքականացնել տեղի ունեցածը։ Կան մարդիկ, որոնք կապ չունեցող լոզունգներ են տարածում, սակայն նրանց չի հաջողվում ապակայունացնել իրավիճակը։ Մենք ապրում ենք ազատ երկրում, որտեղ բոլորը կարող են արտահայտվել և իրենց կարծիքն ասել»,–ասաց Դավիթ Բաբայանը։

Պատասխանատուի խոսքով` Արցախի իշխանությունները  միայն կոչ են անում չխաթարել երկրի ներքին կայունությունը և չքաղաքականացնել բոլոր խնդիրները։

Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ և դրան հետևած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»,–ասված է հաղորդագրության մեջ: