Չօգնել Էրդողանին․ Նեթանյահուն տարօրինակ պատճառով հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իսրայելի ԱԳՆ-ը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը կարող է օգնել Էրդողանին հաղթել Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հետաձգել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը մինչև Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Ինչպես կիրակի հաղորդում է The Jerusalem Post-ը, որոշումն ընդունվել է երկրի ԱԳՆ-ի խորհրդով։

Հայոց ցեղասպանության հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. խոսնակը ճի՞շտ որոշում է ընդունել

Իսրայելի ԱԳՆ-ում կարծում են, որ եթե հրեական պետությունը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը մինչև Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնք նշանակված են հունիսի 24-ին, ապա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգտագործել Իսրայելի որոշումը երկրի քաղաքացիների կողմից իր աջակցությունն ավելացնելու համար։ Արդյունքում` Իսրայելի որոշումը կարող է ազդել Թուրքիայում ընտրությունների արդյունքների վրա և հանգեցնել Էրդողանի հաղթանակին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը նախատեսում էր քննարկել, բայց այդպես էլ չի քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը։ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը օրակարգից հետ է կանչել օրինագիծը։

Խոսնակի մամուլի քարտուղարի խոսքով՝ խորհրդարանի նախագահը դա արել է անհարմար իրավիճակից խուսափելու համար։ Նրա համոզմամբ՝ նման իրավիճակ կարող էր ստեղծվել այն դեպքում, եթե պատգամավորների մեծամասնությունը չաջակցեր այդ նախագծին։ Էդելշտեյնն այդ հարցում միշտ հանդես է եկել հրեական պետության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։