Արմենուհի Մխոյան, Sputnik
Մատնաքաշ, բոքոն, փառնիկ, թափթափա, գարուհաց, քարտիկա, կարտոլեհաց, ծակուլիկ՝ սրանք հացի այն տեսակներն են, որոնք տարածված են հատկապես Շիրակի մարզի Մանթաշ գետակի ձորահովտում տեղակայված Փանիկ գյուղում: Գյուղի բնակիչների նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից։ 1842թ-ին ալաշկերտցի մի խումբ հայեր վերաբնակվել են գյուղում և այն անվանել Զվարճաձոր: Թուրքերը բառացի թարգմանել են բնակավայրի անվանումը և կոչել Գևդարլի: Ապա գյուղն անվանվել է Կավտարլի, Պանիկ, Քաֆթառլու, Քևդարլի, Քյաֆթառլի: Փանիկ է վերանվանվել 1925 թ-ին: Գյուղի բնակչությունը պատկանում է կաթողիկե համայնքին:
Գյուղատնտեսության տարածված ճյուղն այստեղ երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ճակնդեղի մշակությամբ: Հնում գյուղում եղել են ջրաղացներ: Հենց սա է պատճառը, որ հացի տեսակները շատ էին՝ գյուղի բոլոր ընտանիքներում, լավաշից բացի, նաև փառնիկ, թափթափա, գարուհաց, քարտիկա, կարտոլեհաց էին թխում:
Փանիկում այսօր արդեն բոլորը չէ, որ հաց են թխում: Երբեմն-երբեմն թոնիրներից բարձրացող անուշաբույր ծուխը միայն լավաշի ու թափթափայի մասին է վկայում, իսկ տատերի թխած հացերի մյուս տեսակների մասին այսուհետ կպատմի համայնքի պատմության թանգարանը, որը կրում է Պետրոս Նահապետյանի անունը։ Նրա շնորհիվ էլ գյուղում 1967 թվականին առաջին անգամ բացվել է այս թանգարանը:
Բայց 1988 թվականից հետո թանգարանն այցելուներ չի ընդունել՝ շենքային պայմաններ չունենալու պատճառով: Թանգարանի վերաբացումն հնարավոր է դարձել միայն 1 տարի առաջ՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հատկացված տարածքի շնորհիվ և Գասրատյան ընտանիքի ֆինանսական աջակցությամբ:
Մոտ 30 տարվա ընդմիջումից հետո վերաբացված թանգարանը եզակի է հանրապետությունում. այն իր ցուցադրության մեջ ներառել է գյուղատնտեսական ու հացահատիկի վերամշակման գործիքներ, ինչպես նաև հացի տեսակներ, որոնք տարածված են եղել այս տարածքում: Նախկին ԽՍՀՄ տարածքում էլ այս թանգարանն իր բնույթով եզակի էր:
«Խորհրդային Միության մեջ Փանիկի թանգարանը միակն է եղել, որ ունեցել է նման ուղղվածություն, մինչ այս 1955 թվականին նմանատիպ թանգարան աշխարհում եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, իսկ արդեն 1967 թվականին Փանիկում բացվեց նման թանգարան, որը գործեց մինչև 1988 թվականը։ Հետո ցուցանմուշները տեղափոխվեցին նախկին դպրոցի շենք, սակայն վթարային կառույցում թանգարանը չգործեց»,- տեղեկացրեց պատմաբան Գաբրիել Նահապետյանը, ում համար թանգարանը վերաբացելը կրկնակի պատիվ է՝ չէ որ պապի գործն է շարունակում:
Բացի հացահատիկի վերամշակման գործիքներից ու հացի տեսակներից թանգարանում տեղ են գտել նաև կենցաղային շատ իրեր, որոնք անմիջական կապ ունեն փանիկցիների ու նրանց կենցաղավարման հետ:
Թանգարանի ցուցանմուշների թիվն ավելացել է ոչ միայն փանիկցիների նվիրատվությունների, այլ նաև ուրիշ թանգարանների շնորհիվ, սակայն սա էլ դեռ վերջը չէ՝ երիտասարդ պատմաբանը վստահեցնում է՝ արվելու է ամեն ինչ, որպեսզի այս թանգարանը դառնա Փանիկի այցեքարտը: