Այլընտրանք չկա՞ր․ ինչու հանրապետականները սկսեցին խոսել արտահերթ ընտրությունների մասին

ՀՀԿ-ն աստիճանաբար գիտակցում է, որ կորցրել է վերահսկողությունը երկրի քաղաքական իրավիճակի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Խորհրդարանի արտահերթ ընտրություններին աջակցելու մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության փաստացի որոշումը և Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը նշանակում են, որ նրանք ուղղակի այլընտրանք չեն ունեցել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այդ մասին ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Ավելի վաղ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ կուսակցությունը «սկզբունքորեն դեմ չէ» Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելուն։ Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունն ամրագրված է կառավարության ծրագրում, այն կքննարկվի խորհրդարանում արդեն հունիսի 7-ին։ Մեկ այլ հանրապետական, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է սատարել ծրագրին։

«Թավշյա հեղափոխության» չլուծված խնդիրները, կամ կվերադառնա՞ ՀՀԿ–ն իր նախկին նիրվանային

Սարգսյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ եթե հիմա հանրապետականները տապալեն ընդունված ծրագրերը՝ օգտվելով խորհրդարանում մեծամասնությունից, ապա օրենսդիր մարմինը կլուծարվի։ Իսկ ծրագրի ընդունումը թույլ կտա որոշ ժամանակով հետաձգել Ազգային ժողովի լուծարումը և ընտրությունների անցկացումը։ Հանրապետականները հիմա սկսում են հասկանալ, որ նրանք այլևս չեն թելադրում խաղի կանոնները։ Դա էլ հանգեցնում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին մտքին։

Ավելի վաղ մամուլում լուրեր են պտտվել այն մասին, որ ՀՀԿ առաջնորդ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն կոչ է արել հանրապետականներին զերծ մնալ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին քննադատությունից ու հարձակումներից։ Սարգսյանի կառավարման տարիներին Տոնոյանը երկար  տարիներ եղել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը, այնուհետև՝ ԱԻՆ ղեկավար։ Տոնոյանը համաձայնվել է աշխատել Փաշինյանի կառավարությունում, ինչը դուր չի գալիս հանրապետականներին։ Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Սարգսյանը մտերիմների շրջանում հայտարարել է, որ Տոնոյանը շարունակում է հավատարիմ մնալ իրեն։

Որքանո՞վ է դա հնարավոր և կարո՞ղ են արդյոք Փաշինյանի կառավարությունում լինել Սարգսյանի մարդիկ։ Քաղաքագետը անվստահությամբ է վերաբերում նման տեղեկատվությանը։

«Հավանաբար, Սերժ Սարգսյանը դեռ մտածում է, որ մնացել են մարդիկ, որոնք պատրաստ են ինչ-որ պահի իշխանության վերադարձնել նրանց։ Բացառված չէ, որ նման հույսեր են տածում նրան շրջապատում։ Ինձ թվում է, որ նրանք դեռ շոկի մեջ են, քանի որ ամեն ինչ հանկարծակի և արագ տեղի ունեցավ», — ենթադրում է Սարգսյանը։

Քաղաքագետը համոզված է, որ պետության նախկին ղեկավարը հազիվ թե կարողանա ռևանշի հույս ունենալ, քանի որը նախկին իշխանության դիրքերը գնալով թուլանում են։