Գոշավանքը հատկապես փառահեղ և հիասքանչ է ամպամած եղանակին։ Մեր բախտը բերեց, եղանակը հենց այդպիսին էր, երբ մենք մոտեցանք 12-13 դարերի վանական համալիրին։ Հայկական եկեղեցիների մեծամասնության նման Գոշավանքը կառուցված է բարձունքի վրա։ Դեպի եկեղեցի բարձրանալիս անհնար է չհիանալ Տավուշի մարզի շռայլ բնությամբ։ Սա մոլորակի այն հազվագյուտ վայրերից է, որը մարդուն, ասես, կտրում է երկրից և տանում դեպի երկինք։ Երկինքն այստեղ ավելի մոտ է, օդն ավելի մաքուր է, իսկ էներգետիկան՝ յուրահատուկ։
Գոշավանքը կամ, ինչպես այն անվանում են, Նոր Գետիկը հիմնել է ականավոր միջնադարյան մտածող, գրական և հասարակական գործիչ, իրավագետ, հոգևորական Մխիթար Գոշը, որին հեղինակավոր «Ամերիկյան հանրագիտարանը» դասել է հայկական Վերածննդի նշանավոր ներկայացուցիչների շարքը։
«Ի սկզբանե Մխիթար Գոշը ծառայել է Գետիկ վանքում, որն այստեղից 30 կմ հեռավորության վրա է։ Հենց այնտեղ է նա գրել իր ամենամեծ ու ժողովրդի համար ամենակարևոր ստեղծագործությունը՝ «Դադաստանագիրքը», որը կազմված է 250 հոդվածներից», — պատմում է Գոշավանքի քահանա տեր Սեդրակը։
Նման աշխատություններ արդեն եղել են, սակայն «Դատաստանագիրքը» բացառիկ է նրանով, որ դրանում առաջին անգամ արծարծվել են բնապահպանական բնույթի հարցեր։ Իրավագետն այդ խնդրին նվիրել է 11 հոդված, որոնց համաձայն սահմանվել են տուգանքներ և պատիժներ, օրինակ՝ ծաղկած ծառը կտրելու կամ հղի անասունին մորթելու համար։
Բացի այդ, հենց նա է առաջին անգամ խոսել կանանց իրավունքների մասին։
«Այդ ժամանակ ամուսնալուծվելու դեպքում կինը դատարկ ձեռքերով գնում էր հայրական տուն, ամբողջ ունեցվածքը մնում էր ամուսնուն։ Իսկ Մխիթար Գոշ օրենք է սահմանել, որի համաձայն համատեղ ձեռք բերած գույքը պետք է կիսվեր նախկին ամուսինների միջև», — պատմում է մեր զրուցակիցը։
Մխիթար Գոշը Գետիկի վանքում լուրջ մանկավարժական գործունեություն է ծավալել, ստեղծել խոշորագույն վանական միաբանությունը՝ կազմված 200 հոգևորականներից։ Սակայն 1185թ-ի երկրաշարժը քանդել է Գետիկավանքը։ Քանի որ Մխիթար Գոշը մտերիմ է եղել Զաքարյան իշխանների հետ, նա խնդրել է կառուցել նոր վանական համալիր։
«Այդ ժամանակ իշխան Իվանե Զաքարյանը իշխան Վախթանգի հետ սկսել է կառուցել Նոր Գետիկավանքը։ Համալիրի առաջին և գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 1191թ.-ին։ Եկեղեցու պատերի վրա պահպանվել են բազմաթիվ վկայություններ։ Ամբողջ համալիրը կազմված է չորս տաճարից, սեղանատնից և ձեռագիր մատյանների գրադարանից, կառուցվել է 100 տարվա ընթացքում», — պատմում է հոգևորականը։
Սեղանատունը մասամբ պահպանվել է մինչև մեր օրեր, տանիքը չկա, բայց պատերը կանգուն են։ Այստեղ կարելի է նկատել մոտ մեկ մետր բարձրությամբ քարե սյուներ, որոնց մեջ քառակուսի անցքեր կան։ Դրանք մի ժամանակ հիմք են ծառայել մեծ սեղանների համար, որոնց մոտ ճաշել են վանականները։ Ինչպես բացատրեց տեր Սեդրակը, սեղանածածկը չի պահպանվել, քանի որ այն պատրաստված է եղել փայտից, իսկ ոտքերը հատուկ կառուցվել են քարից, որպեսզի չփտեն։
Մշակույթի նախարարությունն արդեն մի քանի տարի է զբաղվում է Գոշավանքի վերակառուցմամբ։ Տվյալ պահին վերակառուցվվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը։ Եկեղեցու պատերի գրությունների, ինչպես նաև Գանձակեցու հաղորդագրությունների համաձայն՝, շենքի մեծ մասը կառուցել է ճարտարապետ Մխիթար Հյուսնը։ Նրանից բացի աղբյուրներում հիշատակվում են Գրիգոր և Զաքիոս շինարարները։ Վանական համալիրում հատուկ արժեք է ներկայացնում 13-րդ դարի ժանյակազարդ խաչքարը։
Վարպետ Պողոսն առաջին անգամ ստեղծել է ժանյակազարդ խաչքար, նշում է վանքի հոգևորականը։ Սա եզակի, բացառիկ աշխատանք է, որի շնորհիվ նա մի քանի դարով առաջ է անցել մյուս ճարտարապետներից։ Պատվանդանի վրայի գրության համաձայն՝ այդ խաչքարի պատվիրատուն Սարգիս վարդապետն է, որը խնդրել է ստեղծել այն՝ ի հիշատակ իր ծնողների։
Վանքին կից հիմնվել է նաև համալսարան, որտեղ առաջին անգամ իրավագիտությունը սկսել են ուսունասիրել որպես առանձին ուղղություն։ Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային, կրթական և կրոնական կենտրոններից մեկը։ Այստեղ ապրել և սովորել են Հայաստանի ականավոր մշակութային գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։
Տեր Սեդրակը բողոքում է, որ ձեռագրերն ամբողջությամբ չեն պահպանվել։
Դրանց մի մասն հրկիզվել է թշնամու արշավանքների ժամանակ։ Բացի այդ, 1935թ-ին տեղի գյուղացիները հենց գրադարանում այրել են հազարավոր ձեռագրեր․խորհրդային ռեժիմի համար քրիստոնեական ժառանգությունն արժեք չի ներկայացրել։ Մխիթար Գոշն ապրել է մինչև 1213թ-ը։ Գոշին, իր ցանկության համաձայն, հուղարկավորել են Հարության դամբարանում, որը գտնվում է համալիրի հարավարևելյան մասում, որպեսզի «նրա հոգու աչքերը միշտ կարողանան հետևել իր ստեղծած վանքին»։