Նիկոլ Փաշինյանը շրջում է խանութներում և ստուգում գները. լուսանկար

ՀՀ վարչապետը պարզել է, որ խանութներից շատերում թանկացում չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի խանութներում և այդ մասին գրել Facebbok սոցիալական ցանցի իր էջում։

«Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք էլի գերագնահատում են իրենք իրենց»,- նշել է նա:

Փաշինյանը եղել է նաև հայտնի սուպերմարկետներից մեկում և ստուգել մսի գինը։

«Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»,- գրել է նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում դիմել էր արհեստական թանկացումներով սպառնացող տնտեսվարողներին և խոստացել նրանց, որ կզգան օրինականության համոզիչ ուժը:

Արծվիկ Մինասյանը միանում է Նիկոլ Փաշինյանի բոյկոտին

«Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»,- գրել էր նա: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց:

Տարածած հայտարարության համաձայն` «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գործունեություն են ծավալել 461 ԱՁ-եր, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության: Այս գործողությունից հետո որոշակի թանկացումներ էին գրանցվել` հատկապես գյուղմթերքի շուկայում: Նիկոլ Փաշինյանին կոչով դիմել էին մի շարք սուպերմարկետների ղեկավարներ՝ նշելով, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ: