ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ազատ է արձակել Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Նա ազատ է արձակվել, և կալանքի կիրառումը մերժվեց»,- ասաց Աթանեսյանը:
Նշենք, որ այսօր Մասիսի մի խումբ բնակիչներ բողոքի ցույց էին կազմակերպել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց և աջակցում էին իրենց քաղաքապետին:
Բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում էին, որ իրենց քաղաքապետի հետ են տուն գնալու։
2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: