Արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը

Դեսպանն ընդգծել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման ձևն ու ժամկետները պետք է որոշի Հայաստանի քաղաքական էլիտան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին: Պետք է նշեմ, որ նախորդ անգամ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին Եվրոպական Միությունը ընտրական համակարգի բարեփոխումների ֆինանսավորման 90 տոկոսը տրամադրել է: Ես հավատում եմ, որ այս անգամ մենք ավելի հետաքրքրված կլինենք այս նախաձեռնությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Սվիտալսկին:

Նա հավելել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն արդեն նախաձեռնողականորեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել:

«Անցյալում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատասխանատու է եղել ընտրական գործընթացներում աջակցության տրամադրման տեխնիկական հատվածի ապահովման համար: Եվ ես գիտեմ, որ նրանք միտված են այդ աջակցությունը տրամադրելուն»,- նշել է նա:

Փաշինյանը միայն մեկ ուղի ունի արտահերթ ընտրությունների հասնելու համար. Շարմազանով

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով` փորձագետները պետք է ուսումնասիրեն գործող համակարգի հետագա բարելավման հնարավորությունը: Եզրափակելով խոսքը` դեսպանն ընդգծել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման ձևն ու ժամկետները պետք է որոշի Հայաստանի քաղաքական էլիտան:

Հայաստանում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների անցկացման, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությանն անդրադարձ կա ՀՀ կառավարության ծրագրում: Մասնավորապես կառավարությունն անհրաժեշտ է համարում ԸՕ-ում կատարվելիք փոփոխություններով հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր` իրական պատկերն արտահայտող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկությունների հնարավորությունը` քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով եթերաժամերի տրամադրումն ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը: