ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը լքում է «Հանրապետական» կուսակցությունը։ Նա այդ մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ»,- գրել է նա:
Պատգամավորը նշել է, որ պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին։
«Պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է Սահակյանը:
Նշենք, որ Արման Սահակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: