Դանակահարություն Արմավիրում. 28 տարեկան երիտասարդներին հիվանդանոց են տեղափոխել

Կարմիր կամրջի տակ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Արմավիրի մարզում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 04։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ մկանների անոթների վնասումով Բաղրամյան գյուղի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդ տղայի։

Երևանում 13 քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել հյուրանոցից

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Վարազդատ Մ.-ն է։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա կատարվածի մասին ի վիճակի չէ տեղեկություններ հայտնելու։

Արմավիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի՝ ժողովրդին հայտնի Կարմիր կամրջի տակ վիճաբանություն է տեղի ունեցել Վարազդատ Մ.-ի և Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արսեն Ա.-ի միջև, որի ժամանակ Վարազդատ Մ.-ն մարմնի տարբեր մասերում ստացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած հետքեր։

Մինչ ոստիկանները կպարզեին Արսեն Ա.-ի գտնվելու վայրը, նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ մի քաղաքացի նույնպես տեղափոխվել է իրենց մոտ։

Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Հացիկ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արամ Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Ոստիկաններն ունեն կասկածներ, որ Արամ Մ.-ն նույնպես հիվանդանոց է տեղափոխվել նշված վիճաբանության վայրից, և նրան վնասել է Արսեն Ա.-ն։

Արմավիրի մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արսեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը հայտնաբերվել է։