Բողոքի ակցիա Արցախում. մարդիկ պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը

Բողոքի ցույցերը մեկնարկել են ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների վեճից հետո։ Իշխանությունը պնդում են, որ վեճի պատճառը կենցաղային է, և մեղավորները կպատժվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի —Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների վեճից վրդովված մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել և արդարադատություն են պահանջում։

Մասիսի քաղաքապետին ազատ արձակեցին

«Ազգային վերածնունդ» արցախյան ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը նախօրեին Facebook սոցցանցի իր էջում գրել էր այն մասին, որ ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծել են երկու քաղաքացու։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել։ Ոստիկանությունում հայտնել են, որ վեճի փաստով ոստիկանության բաժին բերման են ենթարկել 15 մարդու։ Հունիսի 1-ին երեկոյան տուժածների մտերիմներն ու բարեկամները փողոց են դուրս եկել` պահանջելով պատժել մեղավորներին։

Ինչպես գրում է Գրիգորյանը, այժմ Ստեփանակերտում բողոքի ակցիաները շարունակվում են, փակ է փողոցներից մեկը։

«Պահանջում են ուժային կառույցների բոլոր ղեկավարների հրաժարականը», — գրել է Գրիգորյանը։

Ստեփանակերտում բողոքի դուրս եկած մարդիկ պահանջում են ԱԱԾ–ի և Ոստիկանության ղեկավարների հրաժարականը

Նրա խոսքով` նախօրեին տեղի ունեցած միջադեպը միակ դեպքը չէ, և դրան պետք է վերջ դնել։

Sputnik Արմենիան կապ հաստատեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիդ Բաբայանի հետ։ Նա հայտնեց, որ մի խումբ մարդիկ հավաքվել են կայարանի մոտ երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

«Վեճը կենցաղային հողի վրա է ծագել», — ասաց Բաբայանը` ավելացնելով, որ այժմ հետաքննություն է իրականացվում, պարզվում են կատարվածի մանրամասները։

Օրինախախտները, Բաբայանի խոսքով, անկախ զբաղեցրած պաշտոնից և կառույցից, կպատժվեն։

«Նրանք փակել են Ստեփանակերտի կենտրոնական փողոցը (Ազատամարտիկների փողոցը)։ Մարդիկ ուզում են, որ օբյեկտիվ հետաքննություն անցկացվի։ Հենց այդպես էլ լինելու է», — նշեց Բաբայանը։

Sputnik Արմենիան շարունակում է հետևել իրավիճակին։