Փաշինյանի կառավարության ծրագիրը ներկայացվեց. հայտնի է` ԱԺ–ն երբ կքննարկի այդ ծրագիրը

Եթե Ազգային ժողովին դուր չգա Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, ապա խորհրդարանը կլուծարվի, ու կնշանակվեն նոր ընտրություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց իր գործունեության ծրագրի նախագիծն ու այն ուղարկեց Ազգային ժողով:

Նախագծի համաձայն` ՀՀ կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու օրակարգային հարցով:

Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրությամբ ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով» կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Այն ԱԺ հավանությանը չարժանանալու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է, ու նշանակվում են նոր ընտրություններ: