«Կիրի...Կվիլիրի.... շվիլի». Փաշինյանը չկարողացավ արտաբերել գործընկերոջ ազգանունը

ՀՀ վարչապետն այնքան հուզված էր, որ մի քանի անգամ փորձելուց հետո չկարողացավ ճիշտ արտասանել Վրաստանի վարչապետի ազգանունը։
Sputnik

Ի վերջո, վարչապետը զենքը վայր դրեց ու պարզապես ասաց` Գեորգի։ Հետո խոստովանեց, որ շատ հուզված է։

Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Նիկոլ Փաշինյանը ջավախահայերի հետ հանդիպմանը պատմեց, թե ինչպես են իրեն դիմավորել Թբիլիսիում։

«Շատ ուրախ եմ ձեզ ասել, որ իմ և Կիրի… Կիվիլիրի… Կվիրիլիկա… շվլիի միջև, ներողություն եմ խնդրում. հուզված եմ մի քիչ, իմ ու Գերոգիի միջև ստեղծվել է անձնական ընկերություն»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է մայիսի 30-ին։ Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Փաշինյանն այցի ընթացքում արդեն հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեղի է ունեցել նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը։