Հայուհիները «Սմենա» ամսագրի էջերում. հազվագյուտ լուսանկարը հայտնվել է սոցցանցերում

Հեռավոր 1960թ–ին, երբ Հայկական ԽՍՀ–ն դարձել է 40 տարեկան, «Սմենա» ամսագրի թղթակիցները որոշել են շրջել Երևանի փողոցներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայուհիներ Ժաննա Ամարջանյանը, Ջուլիետա Քաթայանը և Լաուրա Գևորգյանը հայտնվել են խորհրդային «Սմենա» ամսագրի էջերում։ Լուսանկարը հրապարակել են Instagram-ում հայկական սփյուռքի էջը վարողները։

Armdiaspora-ն պարբերաբար հրապարակում է հայերի հին և հազվագյուտ լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է այս կամ այն ժամանակաշրջանի պատմությունը։

Այս անգամ Armdiaspora-ն հրապարակել է խորհրդային «Սմենա» ամսագրի համարներից մեկի շապիկը։ Հեռավոր 1960թ-ին հենց հայ աղջիկներն են դարձել համարի գլխավոր հերոսուհիները։ Լուսանկարում կարելի է տեսնել լուսաշող և ուրախ հայ ուսանողուհիների, որոնք իրար թև են մտել և քայլում են ընդարձակ փողոցում։

 

«Հայկական հանրապետությունը դառնում է 40 տարեկան։ Եվ բոլորի հետ միասին այդ հիանալի տոնը նշում են կոմերիտական ուսանողուհիներ Ժաննա Ամարջանյանը, Ջուլիետա Քաթայանը և Լաուրա Գևորգյանը, որոնց տեսնում եք լուսանկարում», — ամսագրի շապիկին գրել են պարբերականի հեղինակները։

Օգտատերերից մեկը գրել է, որ աղջիկների անունները հետաքրքիր են, ինչ-որ մեկը ցանկացել է վերադառնալ այդ տարիներ, իսկ էջի ադմինիստրատորները նշել են, որ կցանկանային իմանալ` ինչպես է դասավորվել ժպտերես ուսանողուհիների ճակատագիրը։