Գիտեն` Սամվել Ալեքսանյանն ինչ է շնչում, ինչ է ուտում. Ծառուկյանը` ԱԱԾ ստուգումների մասին

Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է կոռուպցիոն բացահայտումներն ու ստուգողներին վստահեցրել` իր դռները բաց են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Բոլոր գործարարներն այսուհետ պետք է շարժվեն նոր վարչապետի խաղի կանոններով։ Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ խոշոր գործարարների մոտ հայտնաբերված կոռուպցիոն բնույթի չարաշահումները, ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Հարձակում «սուպերմարկետների արքայի» վրա և պանրի մասին նամակ Փաշինյանին

«Խաղի կանոնները թելադրում են իշխանությունները։ Բոլորն էլ գիտեն` ով ինչով է զբաղվում, ինչ է տանում, ինչ է ներմուծում։ Գիտեն նույնիսկ Ալեքսանյան Սամվելն ինչ է շնչում, ինչ է ուտում, որտեղից ինչքան փող է աշխատում։ Խաղի կանոնը դրված է, մարդն ասում է` ինձ ասել են, ես արել եմ,- ասել է Ծառուկյանը,- հիմա խաղի կանոնը փոխվել է, բոլորը այդ կանոններով պետք է առաջնորդվեն»։

Անդրադառնալով իր հետ առնչվող ընկերություններում հնարավոր ստուգումների թեմային` Ծառուկյանն ասել է, որ իր դռները բաց են ցանկացած ստուգողների առաջ։

«Ծառուկյանին ստուգել են, ստուգում են ու ստուգելու են։ Երբ ցանկանան, իմ դռները բաց են»,- ասել է նա` հավելելով, որ բանկերը կարող են հետևել, թե ամեն ամիս դրսից որքան գումար է մուտք արվում իր հաշվեհամարներին։

«Ամսական 900 000 դոլար հարկ եմ վճարում, թող ստուգեն։ Ոչ մի շեղում չի կարող լինել։ Իրենց մոտ բոլոր թղթապանակները դրված են` ով ինչով է զբաղվել, ինչ կեղծիքներ է արել` և՛ մենաշնորհ, և՛ թալան»,- ասել է ԲՀԿ ղեկավարը։

Հիշեցնենք` օրերս Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, խոսելով հանքերում ստուգումներ իրականացնելու մասին, ասել էր, որ ստուգումներ կլինեն նաև Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող ընկերություններում։