ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանն անցյալ տարի 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգ է ստացել, վկայում են ՄԱԿ–ի սովորական սպառազինությունների ռեգիստրի կայքում նշված Ռուսաստանի պաշտոնական հաշվետվության տվյալները։
Դեռ 2016 թվականին Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ է տրամադրել։ Այդ միջոցներով Երևանը, այդ թվում 2017 թվականին, ստացել է «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և դրանց համար նախատեսված ռազմամթերք, «Իգլա–Ս» զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա–Մ» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ, ՏՕՍ–1Ա համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգ («Սոլնցեպյոկ»), ինչպես նաև դիպուկահար հրացան և սպառազինության այլ տեսակներ։
Ինչպես պնդում է Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի հովանու ներքո գործող BMPD ռազմական բլոգը` ՄԱԿ–ի ռեգիստրում նշված Հայաստանի կողմից ստացած հրետանային համակարգեր ասելով` նկատի ունեն «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։
Ռուսաստանի հաշվետվության մեջ նշվում է նաև 61 միավոր զրահատեխնիկա, որը 2017 թվականին մատակարարվել է Ադրբեջանին։ BMPD–ի համաձայն, տվյալ դեպում, խոսքը ԲՄՊ-3 և ԲՏՌ-82Ա–ի մասին է։ ԲՏՌ-82Ա–ի մատակարարման մասին Ադրբեջանի ՊՆ–ն արդեն հաղորդել է (և ցույց տվել)։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (CAST) տնօրեն Ռուսլան Պուխովը, ՄԱԿ–ի ռեգիստրն արդեն վաղուց չի արտացոլում իրական իրավիճակը։
«Որոշ երկրները ընդհանրապես չեն հայտնվում, իսկ որոշները մասամբ են հայտնվում», – ասաց Պուխովը։
Նրա խոսքով` օրինակ դարձավ Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումը։ Դրանք հայտնվեցին Երևանում անցկացվող շքերթում, սակայն չկային Ռեգիստրում։ Նույն իրավիճակն է նաև Ադրբեջանի հարցում։ Աշխարհի մի շարք երկրներ ճիշտ նույն կերպ են վարվում։
Պուխովը ենթադրում է, որ ռուսական կողմը, ինչպես և այլ մատակարարներ, խորհրդակցում են ներկրողների հետ` կոնկրետ սպառազինությունները նշելու նպատակահարմարության մասին։