Զինապարտները Նիկոլ Փաշինյանի կոչին չեն արձագանքել

Շատերը հետախուզման մեջ են և Հայաստան հասնելուն պես կարող են խնդիրներ ունենալ իրավապահների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnk. Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը կոչով դիմել էր արտերկրում բնակվող զինապարտ զորակոչիկներին՝ վերադառնալ Հայաստան ու կատարել իրենց պարտքը՝ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար:

Դավիթ Տոնոյանի որդին էլ է բանակում ծառայելու. «Խոշորացույցի տակ կհետևեք»

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք եղել են իր կոչին արձագանքողներ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքից պարզ դարձավ, որ արձագանքողներ չեն եղել:

«Նրանց մեջ կան հետախուզման մեջ գտնվողներ, որոնք Հայաստան հասնելուն պես կարող են իրավապահների հետ խնդիրներ ունենալ»,- ասաց Տոնոյանը՝ դրանով մեկնաբանելով նաև վարչապետի կոչն անարձագանք թողնելու հանգամանքը:

Փաշինյանը կառավարության անդամներին հրահանգեց հարցի լուծում գտնել:

«Կարծում ենք` նրանցից ամեն մեկի դեպքում առանձին մոտեցում պետք է լինի, քանի որ խնդիրները տարբեր են»,- ասաց Տոնոյանը:

Վարչապետն ընդգծեց, որ զինապարտների մեջ կան արտերկրում բարձրագույն կրթություն ստացած մասնագետներ։ Փաշինյանը ՊՆ-ին հանձնարարեց նրանց մասնագիտական կարողություններն օգտագործել ի նպաստ Հայաստանի ռազմական ոլորտի զարգացման, մասնավորապես՝ ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրում:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին կոչով դիմել էր արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին: Մինչ այդ նա ներկայացրել էր որդուն` Աշոտին, որը ամառվա զորակոչին ծառայության է մեկնելու բանակ։ Աշոտն էլ իր հերթին նշել էր, որ դիմում է գրել և ցանկանում է զինվորական ծառայությունն անցկացնել Արցախում: