ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներներին: Այս հորդորը քիչ առաջ արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ֆեյսբուքյան իր էջի միջոցով։ Նա անդրադարձել է ցանցային խանութներում ստուգումներից հետո այսօր արձանագրված թանկացումներին և գրել.
«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներներին»:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց: Տարածած հայտարարության համաձայն` «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գործունեություն են ծավալել 461 ԱՁ-եր, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության:
Այս գործողությունից հետո այսօր արդեն որոշակի թանկացումներ են գրանցվել` հատկապես գյուղմթերքի շուկայում:
Այսօր կոչով Նիկոլ Փաշինյանին էին դիմել մի շարք սուպերմարկետների ղեկավարներ՝ նշելով, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ: