Իշխանության հետ կապն ու օֆշորը բացառում ենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը կարծում է, որ պետք է շատ արագ որոշում կայացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանի էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չեն կարող լինել նույն սեփականատիրոջ ձեռքում: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մասնավորապես «Բաձրավոլտ էլեկտրացանցերի» կառավարման հարցին:

«Էլցանցերի հետագա կառավարման մեթոդների շուրջ մենք շատ արագ պետք է որոշում կայացնենք: Պետք է քննարկենք՝ դրանք լինեն մասնավորի, թե պետության կառավարման ներքո»,- ասաց Փաշինյանը։

Նա հատուկ ընդգծեց, որ այդ գործընթացում պետք է կարևորվի երկու հիմնական հանգամանք:

«Պետք է բացառվի, որ այդ գործընթացում ներգրավվի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անձի մասնակցությունը, և չպիտի լինի օֆշորում գրանցված ընկերություն: Բացառում ենք իշխանության հետ կապն ու օֆշորը»,- հանձնարարեց վարչապետը: