Մարզերում խառը վիճակ է. նոր մարզպետներն ուղևորվեցին իրենց վստահված մարզեր

Համայնքի ղեկավարները ՀՀԿ–ական են, նորանշանակ մարզպետները` նախկին ընդդիմադիր։ Ներքաղաքականից բացի, մարզերում շատ այլ խնդիրներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Մարզերում անելիքներ շատ կան, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեցին նորանշանակ մարզպետները։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի խոսքով` մարզում առաջնահերթը գյուղատնտեսության զարգացումն է լինելու։

«Քանի որ տարիներ շարունակ դա հետին պլան է մղվել, պետք է աշխատենք գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև` առողջապահության, կրթության, չի լինելու որևէ գերակա ուղղություն, որ անտեսվեն մյուսները»,- նա։

Խոսելով մարզում ՀՀԿ-ի ազդեցության մասին` նորանշանակ մարզպետն ասաց. «Ինչպես բոլոր մարզերում, Արարատում էլ ժամանակին այդ ազդեցությունը մեծ է եղել, այսօր արդեն մաս-մաս հետ է քաշվում»։

Гарик Саркисян

Սարգսյանն ասաց նաև, որ իշխանափոխությունից հետո մարզի 2-3 համայնքի ղեկավար հրաժարվել են ՀՀԿ անդամակցությունից։ Դրանցից մարզպետը հիշատակեց Գոռավան համայնքը։

Իսկ Սուրենավան համայնքի ղեկավարի վերաբերյալ քրեական գործ է հարուցված`բողոքի ակցիաների օրերին ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունների փաստով։

Նշենք, որ Արարատի մարզպետ նշանակված Գարիկ Սարգսյանը մինչ այդ Արարատի մարզի միակ ընդդիմադիր գյուղապետն էր։ Նա ՏԻՄ ընտրություններում Նոր Կյանք գյուղի գյուղապետ էր ընտրվել` առաջադրվելով «Ելք» դաշինքի կողմից։

Շիրակի նորանշանակ մարզպետը խոսեց իրեն վստահված մարզում տիրող իրավիճակի մասին։

«Ամենաաղքատ մարզն է` գործազրկության ամենաբարձր ցուցանիշներով»,- ասաց Շիրակի մարզպետ նշանակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Սարուխանյանը` որպես առաջնահերթ խնդիր առանձնացնելով աշխատատեղերի ստեղծումը։

«Մենք համագործակցելու ենք բոլոր այն մարդկանց հետ, ովքեր Շիրակի մարզում ուզում են ներդրումներ անել, աշխատել մեր մարզում, շիրակցիներին օգուտ տալ»,- ասաց նա։

???

Շիրակի նախկին մարզպետ, ներկայում գյուղնախարար Արթուր Խաչատրյանին նորանշանակ մարզպետը կառավարության նիստում հանդիպել է, բայց ասաց, որ մարզի խնդիրներից չեն խոսել։ Միայն բարևել են։

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօրվանից սկսում է մարզային այցելությունները, որոնց ընթացքում մարզային համայնքների ղեկավարներին է ներկայացնելու նոր նշանակված մարզպետներին։