ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումը։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Հաղորդագրության համաձայն` Կարեն Ավագյանն իր դիմումում հայտել է, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ 326 մլն դրամի փոխառության պայմանագիր է կնքել:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հիմքով։
Նշենք, որ հիմնադրամի գործադիր տնօրենն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն է, իսկ Հոգաբարձուների խորհրդի նախագահը` ՀՀ վարչապետը։ Ի պաշտոնե այս պահին խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
Հիշեցնենք` մայիսի 19-ին Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Այսուհետ պետական բուհերը չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների»:
Ըստ հրապարակումների` Հայաստանի բուհերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ սկսած 2001 թվականից, ամեն տարի փոխանցել են ուսանողների ուսման վարձերից գոյացած բյուջեի 2%-ը: 2017թ.–ին ՀԵՀ-ի բյուջեն կազմել է 1,5 միլիոն դոլար կամ մոտ 778 միլիոն դրամ։