Կարևորը կարմիր գիծը չանցնելն է. քաղաքագետը` ՀՀԿ–ականների նկատմամբ գործողությունների մասին

ՀՀԿ–ի ներկայացուցիչները հայտարարել են նոր իշխանության կողմից քաղաքական ճնշման մասին։ Փորձագետները, սակայն, չեն շտապում նման գնահատականներ տալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀԿ–ի համար ծանր ժամանակներ են եկել։ Դեռ մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ–ական քաղաքապետի ձերբակալումն ու ՀՀԿ–ական պատգամավորի ձեռնարկություններում տոտալ ստուգումները ֆանտաստիկա էին թվում։ Իրավիճակը, սակայն փոխվեց` եթե ոչ միանգամից, համենայն դեպս, բավական կարճ ժամկետում։

Եվ այսօր ՀՀԿ–ի ներկայացուցիչները, որն ավելի վաղ հայտարարել էր ընդդիմություն դառնալու մասին, սակայն, միևնույն ժամանակ, պահպանել ԱԺ խոսնակի և երկու փոխխոսնակների պորտֆելները, սկսեցին խոսել քաղաքական ճնշումների մասին։ Ճնշումն այդ, նրանց կարծիքով, արտահայտվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր ձերբակալության, ինչպես նաև ԱԱԾ–ի կողմից Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններում իրականացվող զանգվածային ստուգումների հարցում։

ՀՀԿ–ն աջակցում է Մասիսի ձերբակալված քաղաքապետին և բողոքում քաղաքական ճնշումից

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` արդարության մթնոլորտ հաստատելու հասարակական պահանջարկ կա, և ուժայինների գործողությունները լրիվ համահունչ են այդ պահանջին։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ արդարություն հաստատելու ժամանակ, իրավապահ մարմինները կարող են չափն անցնել, իսկ իշխանության եկած թիմը ցանկանա ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնել։

«Սակայն Սամվել Ալեքսանյանի պարագայում քաղաքական մոտիվն ընդհանրապես բացակայում է»,– համոզված է Բոզոյանը։ Խոսքը գործարարին հարկային դաշտ բերելու, իշխանությունն ու բիզնեսն իրարից անջատելու, երկրում տնտեսական լիարժեք մրցակցությունը վերականգնելու մասին է։ Սակայն բիզնեսը օրինական դաշտ բերելը հեշտ գործ չէ։ Կառավարությունը պետք է շատ զգույշ գործի, ապրանքների գների կտրուկ աճ և կապիտալի արտահոսք թույլ չտալու համար։ Իսկ նման ռիսկեր, այդ ստուգումներից հետո, անկասկած, առկա են։

Ինչ վերաբերում է Մասիսի քաղաքապետին, ապա նա ևս օրենքի հետ խնդիրներ ունի։ Ինչպես հայտնի է, նա, համախոհների խմբի հետ, ապրիլի 22-ին հարձակվել էր խաղաղ ցուցարարների վրա։

Գիտեն` Սամվել Ալեքսանյանն ինչ է շնչում, ինչ է ուտում. Ծառուկյանը` ԱԱԾ ստուգումների մասին

«Մարդիկ ուզում են ապամոնտաժել նախկին քաղաքական համակարգը, որի ժամանակ ՀՀԿ–ն սերտաճել էր պետական ապարատին, իսկ մունիցիպալ մարմինների ղեկավարների 90%–ը այդ կուսակցության անդամ էին։ Նման պայմաններում նորմալ, թափանցիկ ընտրություններ անցկացնելն անհնար էր։ Նոր իշխանության խնդիրը այդ արատավոր համակարգը ոչնչացնելն ու 20 տարվա ընթացքում առաջին անգամ թափանցիկ ընտրություններ անցկացնելը», – ասաց Բոզոյանը։

Միևնույն ժամանակ, անհանդուրժողականության առանձին տարրերը նոր իշխանության կողմից ամեն դեպքում երևում են։ Սարդարապատի դեպքը, երբ ԱԺ խոսնակն ու փոխվարչապետները հրավիրված չեն եղել, դրա վառ ապացույցն է։ Բոզոյանի խոսքով` չափազանց կարևոր է չանցնել այն շեմը, այն «կարմիր գիծը», որից հետո կարող են լինել քաղաքական ճնշումներ։

Մեկնաբանելով Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունները, թե կուսակցությունը սկզբունքորեն դեմ չէ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, Բոզոյանն ընդգծեց, որ արտահերթ ընտրությունների շուրջ քաղաքական կոնսենսուսի հասնելը շատ կարևոր է ապագա իշխանության հասարակական լեգիտիմության առումով։ Քաղաքագետն արտահերթ ընտրություններն անհրաժեշտ է համարում, քանի որ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում ստեղծված քաղաքական իրավիճակը։