Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագիրն ուժի մեջ է մտնում հունիսի 1–ից

Համաձայնագիրն արդեն վավերացրել են Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի խորհրդարանները։ Այն որոշ ժամանակ (մինչև ԵՄ բոլոր երկրների կողմից վավերացումները) կգործի անցումային դրույթներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում հունիսի 1–ից։ Այդ մասին ուրբաթ հաղորդել է Եվրահանձնաժողովը։

«Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է նոյեմբերի 24–ին Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի միջև, այսօրվանից ժամանակավոր կիրառվում է», – ասվում է ԵՀ հայտարարությունում։

Աշոտյանն առաջարկում է կառավարության ծրագրում ներառել ԵՄ–ի հետ համաձայնագրի դրույթները

Համաձայնագիրն արդեն վավերացրել են Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի խորհրդարանները։ Այն որոշ ժամանակ (մինչև ԵՄ բոլոր երկրների կողմից) կգործի անցումային դրույթներով։

Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ մնացած 25 անդամ երկրների խորհրդարանների կողմից վավերացումից հետո։

​Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Ազգային ժողովն այն վավերացրել է ապրիլի 11-ին:

Այս համաձայնագիրը գալիս է փոխարինելու 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» Հայաստանի և ԵՄ-ի միջեւ համաձայնագրին, որի ժամկետը սպառվել է 2009-ին եւ անընդհատ երկարացվում էր:

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։