Կրթության նախարարը կոռուպցիոն նոր բացահայտումներ է խոստանում

Ուսումնասիրությունների թիրախում առայժմ միայն միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններն են. բուհերին հերթը դեռ չի հասել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Կրթության և գիտության նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացնում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ու դպրոցներում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` խոստանալով ստուգման արդյունքում բացահայտված փաստերն առաջիկայում ներկայացնել հանրությանը։

Ասում էիք` փող չկա. կրթության նորանշանակ նախարարը «գտել» է փողերը

Նա չբացառեց, որ բացահայտումների շարքում կլինեն նաև կոռուպցիային վերաբերող փաստեր։

Ինչ վերաբերում է բուհերում և մասնավորապես ԵՊՀ-ում ստուգումներ իրականացնելուն, Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այս պահին ո՛չ մայր բուհում և ո՛չ էլ որևէ այլ բուհում ստուգումներ չեն իրականացվում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նախարարը պատմեց, որ ԵՊՀ ռեկտորի հետ չի հանդիպել։ «ԵՊՀ ռեստարտ» ակցիայի առաջին օրն այցելել է ԵՊՀ, որտեղ այդ պահին միայն ուսանողներն են եղել։

«Ես հորդորել եմ ուսանողությանը աշխատել ՀՀ նոր իշխանությունների հետ, որը նրանց շահերն էլ է ներկայացնում»,- ասաց Հարությունյանը։

Դրանից հետո ո՛չ ռեկտորի հրաժարականը պահանջող ուսանողների և ո՛չ էլ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ Արայիկ Հարությունյանը չի խոսել, բայց տեղյակ է, որ դասադուլը դադարեցված է, ռեկտորն էլ` հիվանդանոցում։