«Սասնա ծռերից» մեկն ազատվեց կալանքից

Խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանի` խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

«Սասնա ծռերին» դատարանի շենքից դուրս են բերել կեսգիշերին

71-ամյա Գիչյանը կալանքից կազատվի, իսկ նրա հանդեպ որպես խափանման միջոց կընտրվի ստորագրությամբ երկրից չհեռանալը։

Գիչյանն այն «ԿռԱԶ»-ի սեփականատերն է, որով «Սասնա ծռերի» անդամները 2016 թվականի հուլիսին ներխուժել էին ՊՊԾ գունդ: Նա մեղադրվում է զինված խմբին օժանդակելու համար։

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։