Երևանի փոխքաղաքապետն աշխատակիցներին չհանդիմանեց խուլիգանության համար

Քաղաքապետարանի աշխատակիցներին կասկածում են ցուցարարների ավտոմեքենաները ջարդելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունները կպարզեն իրավապահ մարմինները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը

Սակայն նա չպատասխանեց հարցին, թե ինչպես կպատժեր աշխատակիցներին։

«Հարցն իրավական հարթությունում է։ Հավատում եմ իրավապահ մարմիններին։ Քննությունը կգնահատի իրավախախտումը։ Չեմ կարող թույլ տալ ինձ նրանց փոխարեն եզրակացություններ անել», — ասաց Արեյանը։

Նրա խոսքով` կատարվածի մասին ինքը տեղյակ չի եղել։

Նշենք, որ ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակներով ջարդուփշուր արած տղամարդկանցից երկուսը ձերբակալվել են: ԶԼՄ–ների տեղեկություններով ձերբակալվածներն են Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանը և Էդմոն Պետրոսյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանում, առաջատար մասնագետ է: