ՌԱԴԻՈ

Մակարյան. «Մի քանի խոշոր ընկերություններին դիպչելը կարող է բացասական ազդեցություն ունենալ»

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Նիկոլ Փաշինյանի պայքարի հետևանքների մասին։
Sputnik
Գագիկ Մակարյան

Հայաստանի կառավարության` ստվերային շրջանառության դեմ պայքարն իր մեջ ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր է պարունակում։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով` խոշոր բիզնեսի առանձին ներկայացուցիչների նկատմամբ կառավարության գործողությունները հիմք են դնում երկրում հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հաշվարկեք ձեր չվճարած գումարները, այլապես ԱԱԾ–ի կամ այլ պետական մարմինների ազդեցությամբ այդ գումարները հետ կվերադարձվեն պետությանը։ Մեկից սկսելն ուղերձ է բոլորի համար։ Նրանք, ովքեր մտածում էին, թե սրանք զուտ խոսքեր են, շատ արագ համոզվեցին, որ պետական մարմինները բավականաչափ տեղեկություն ունեն, թե ով ինչպիսի գործառույթներ է կատարել օրենքի դեմ»,- ասաց Մակարյանը։

Հետևաբար, ըստ փորձագետի, մյուս գործատուները պետք է շտապեն և անկեղծորեն վճարեն գումարները, որպեսզի չենթարկվեն մեծ ստուգումների, որովհետև այդ ժամանակ այլևս չեն կարող գործընթացը կանգնեցնել։ ԱԱԾ-ն ու մյուս պետական մարմիններն արդեն իրենք են թելադրելու` այսքանը տարել ես, այսքանը պետք է վճարես։ Հիմա դեռ հնարավոր է ինչ-որ գումարներ վճարելով փրկել նաև սեփական վարկանիշը։

Ըստ Մակարյանի` պետությունն էլ պետք է զգույշ լինի, որովհետև մի քանի խոշոր ընկերություններին դիպչելը, թուլացնելը կամ վախեցնելը կարող է տնտեսության համար բացասական ազդեցություն թողնել, թեկուզ ժամանակավոր։