ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Կյանքում տեղի ունեցած փոփոխություններն ու Կանադա տեղափոխվելը կօգնեն կենտրոնանալ գեղասահքի վրա։ Այդ մասին հայտարարել է 2018թ-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան (հոր կողմից` Բաբասյան) Olympic channel-ին տված հարցազրույցում։
Մեդվեդևան նշել է, որ փոխում է մարզումների վայրը, որպեսզի շարունակի մրցել և ելույթ ունենալ Ռուսաստանի դրոշի ներքո։
Նա հավելել է, որ տուն հասկացությունը չի կապում կոնկրետ տեղի հետ։
«Իմ տունն այնտեղ է, որտեղ իմ հարազատներն են», — ասել է գեղասահորդուհին։
Նա նաև խոստովանել է, որ շատ քիչ բան գիտի Կանադայի մասին, բայց լսել է, որ Տորոնտոն խաղաղ և գեղեցիկ քաղաք է։
Մեդվեդևան պատմել է նաև, թե ինչ ապրումներ է ունեցել, երբ ոտնաթաթի վնասվածքի պատճառով երկար ժամանակ չի կարողացել մարզվել։ Նա խոստովանել է, որ առանց սպորտի ապրելը դժվար է։ Բարդ է նաև տեսնել, թե ինչպես են մյուսները մասնակցում մրցումներին և մեդալներ նվաճում։
«Ես առաջին անգամ էի բախվում նման խնդրի, և շատ դժվար էր։ Այդ ամենը համընկավ օլիմպիական մրցաշրջանի հետ, գլխումս վատ մտքեր էին պտտվում», — ասել է Եվգենյան։
Սակայն նա չի հուսահատվել և մշտապես զգացել է հարազատների ու ընկերների հզոր աջակցությունը։
«Ես մենակ չէի։ Եթե ես բոլոր հարցերը մենակ լուծեի, դժվար թե ինձ հաջողվեր հասնել օլիմպիական խաղերին», — նշել է Մեդվեդևան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանի օլիմպիական խաղերին արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) լքում է մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել է այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ, որը քննադատական խոսքեր է ասել թիմում գեղասահորդուհու վիճակի մասին։
Մեդվեդևան մայիսի 7-ին հաստատել է Էթերի Տուտբերիձեից հեռանալու փաստը։ Արդեն նախկին մարզչի հետ նա աշխատել է 11 տարի։