ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ։
Մայիսի 30-31-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կոմիտեն հանդիսանում է «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական մարմին:
Հայաստանը վերոնշյալ կոմիտեի անդամ է 2017 թ.-ից` 4 տարի ժամկետով: Բյուրոյի նախագահող է ընտրվել Մեքսիկան։
Կոմիտեն ստեղծվել է 1978թ.` կազմակերպության գլխավոր կոնֆերանսի 20-րդ նստաշրջանի համապատասխան որոշման հիման վրա: Համաձայն վերջինիս 2-րդ հոդվածի` կոմիտեն ունի 22 անդամ: Կոմիտեի անդամն ունի անմիջապես վերընտրվելու հնարավորություն:
Կոմիտեի կարևոր գործառույթներից է նպաստել պետությունների բազմակողմ և երկկողմ համագործակցությանը մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձնելու կամ դրանց ռեստիտուցիան խրախուսելու մասով: