«Բաժակը վերցրեց, ջարդեց գլխին». պատգամավորի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մանրամասները

Sputnik Արմենիային հայտնի են դարձել ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մանրամասները։ Օրինակ` նրա գլխին ոչ թե ափսե են կոտրել, ինչպես հաղորդվել է նախկինում, այլ գարեջրի բաժակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Երևանի «Գարեջրի ակադեմիա» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը եղել է հաճախորդների հայհոյանքը։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց վեճի ականատեսը։ Նա չի իմացել, որ «բարձրախոս» հաճախորդների մեկը եղել է 36-ամյա Արտակ Գևորգյանը` Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀՀԿ անդամ Նահապետ Գևորգյանի (Հոկտեմբերյանցի Նովոյի) որդին։

«Նրանք նստած էին ընկերներով ու բարձրաձայն հայհոյում էին։ Մատուցողը նկատողություն արեց, դրանից էլ ամեն ինչ սկսվեց», — պատմեց մեր զրուցակիցը։

Նկատողությունը դուր չի եկել Գևորգյանին, նա դիմել է ռեստորանի աշխատողին ու ասել. «Դու գիտե՞ս` ում հետ ես խոսում»։ Մատուցողը պատասխանել է, որ դա կարևոր չէ, և կարգը պետք է պահպանեն բոլորը, կռվարարն էլ հայհոյել է մատուցողին։

Երևանում կասեցրել են «օրենքով գողերի » հավաքը. տեսանյութ

«Մատուցողի ձեռքում գարեջրի բաժակ կար, նա այդ բաժակը կոտրեց հայհոյողի գլխին։ Անկեղծ ասած` ճիշտ արեց. այդ մարդն իրեն չափազանց անպարկեշտ էր պահում», — պատմեց մեր զրուցակիցը։

Հետո սկսվել է ծեծկռտուքը, որի ընթացքում այցելուները սկսել են ինչ-որ տեղ զանգել և մարդ կանչել։ Բայց դրա փոխարեն մոտեցել է ոստիկանությունը և տարել կռիվ անողներին։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Երևանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանային համալիրում Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան ու ռեստորանի մատուցողներից մեկը վիճաբանել էին։

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին էին տարել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Գևորգյանին։

Պարզվել է, որ նա նշված ռեստորանային համալիրում վիճաբանել է մատուցողի՝ 27-ամյա Տ. Մ.-ի հետ, վեճը վերածվել է ծեծկռտուքի։

Որոշ տեղեկություններով` Ազգային ժողովի պատգամավորի որդին նախկինում դատապարտված է եղել։