ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Միլիարդների չարաշահումներ են եղել նաև Հայաստանի բնապահպանության ոլորտում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով` բնապահպանության նախարարությունը Հայաստանի 28 հանքերում ստուգումներ է սկսում, հայտնեց նախարարը՝ հավելելով, որ շահագործման թույլտվություն ստանալուց հետո այդ հանքերում երբևէ ստուգումներ չեն անցկացվել:
«Կասկածներ ունենք, որ նախատեսված գործունեությունը, ինչի համար ստացել են այդ թույլտվությունը, կարող է չհամապատասխանել այսօրվա իրականացված և՛ ծավալներին, և՛ աղտոտումներին: Հնարավոր է, որ փորձաքննության համար տրվել են հանքարդյունաբերական գործունեության համար շատ ավելի փոքր տարածքների թույլտվություններ, սակայն իրականում հատկացվել է ավելին։ Խոսքը նաև ծավալների մասին է՝ ինչքանի թույլտվություն է տրվել ու ինչքանն է արվել»,-ասաց նախարարը:
Մինչ ստուգումները արդեն իսկ հայտնի է, որ մետաղական ու ոչ մետաղական հանքերը ռեկուլտիվացիոն վճարների մասով բյուջե չեն վճարել շուրջ 500 մլն դրամ, սոցիալտնտեսական ծրագրերի մասով՝ ևս մի քանի հարյուր միլիոն:
«Եթե մենք իրավախախտումների ամբողջական ծավալներին անդրադառնանք, միանշանակ խոսքը միլիարդավոր դրամների մասին է»,- ասաց Գրիգորյանը: