Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն. Մնացականյան

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի իսլամական պետության հետ համագործակցությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Թեհրանի հետ հարաբերությունները Երևանի համար կենսական նշանակություն ունեն։ «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` մեկնաբանելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին ԱՄՆ հայտարարությունները։

Նրա խոսքով` Հայաստանը ժամանակին արդեն արտահայտել է իր դիրքորոշումն ու ողջունել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։

Նոր պահանջներ. ԱՄՆ–ն սպառնում է լուրջ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

«Մեզ համար Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն։ Մենք այդ երկրի հետ ձևավորված փոխգործակցություն ունենք, մեզ համար այդ հարցը շատ կարևոր է», – ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով` Հայաստանը համատեղում է Իրանի և ԱՄՆ–ի հետ համագործակցությունը։

Հիշեցնենք, որ Իրանի ու «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ու Գերմանիա) միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսին Վիեննայում։ Դրա կատարումը հանում էր Թեհրանի վրայից ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի ու Եվրամիության սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որոնք կիրառվում էին միջուկային մշակումների պատճառով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8–ին հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Ամերիկյան կողմը կարծում է, որ համաձայնագիրը Թեհրանին միջուկային զենք արտադրելու հարցում գործողությունների ազատություն է տվել։