ՀՀԿ–ն պատրաստ է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի առաջարկած դրույթները

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե իր կուսակցությունն ինչ մոտեցումներ ունի ընտրական օրենսգրքի փոփոխությունների առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է լինի մատնահետքերի միասնական բազա, մենք դա համարում ենք օգտակար առաջարկություն և պատրաստ ենք մասնակցել ընտական օրենսգրքին` պաշտպանելով Փաշինյանի արտահայտած այս դրույթը, այսօր «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Դավիթ Հարությունյանը։

«Ողջունում ենք նաև մեկ այլ դրույթ, որի համաձայն`պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը, այսինքն համակարգը պետք է փոխկապակցված լինի սահմանային անցակետերին, և եթե որևէ մեկը անցնի երկրի սահմանը, նրա քվեարկությունը ավտոմատ կերպով արգելափակվի»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ռեյտինգային համակարգին, Հարությունյանը նախ նշեց, որ իրականում խոսքը վերաբերում է բաց համակարգով համամասնական ցուցակներին, բայց ստիպված է «ռեյտինգային» բառն օգտագործել։ Նա բացատրեց, թե ինչով է պայմանավորված իրենց դիրքորոշումը։

«Այն երկրներում, որտեղ 100 տոկոսանոց համամասնական համակարգ կա` փակ ցուցակներով, քաղաքականությունը կենտրոնանում է մայրաքաղաքներում, ընտրողը չի իմանում, թե կոնկրետ որ պատգամավորն է իրեն ներկայացնում խորհրդարանում։ Շատ հաճախ դա առաջացնում է բացասական երևույթ, որը կոչվում է «մարդ-կուսակցություն»,- նշեց նա։

Հարությունն ընդգծեց, որ այդուհանդերձ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել նաև այդ հարցը։