Գյուղվարկերի տույժ-տուգանքների համաներումը լինելու է մեկանգամյա

Նախարարն ասաց, որ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներումը լինելու է մեկանգամյա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Գյուղատնտեսական վարկերի համաներում չի լինելու։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հերքեց այդ լուրերը` նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը վերաբերել է Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքներին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Ընդ որում, նախարարի խոսքով` այդ տույժ-տուգանքների համաներումը լինելու է մեկանգամյա գործողություն, զիջվելու են մինչև որոշակի օրը կուտակված տույժերը։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ, Կենտրոնական բանկի, Գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է կայացել, քննարկել են տույժ-տուգանքների համաներման մեխանիզմները:

«Դիտարկում ենք մի քանի հնարավորություններ, որով կարելի կլինի իրականացնել գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներում, ավելին՝ վարկային ռեգիստրում ու «Աքռա» համակարգում վարկային պատմությունը կարողանանք սրբագրել, որպեսզի մարդկանց հետագա վարկառության վրա ազդեցություն չունենա»,-ասաց նախարարը:

Նախարարի խոսքով` գյուղատնտեսական ոլորտում վարկային պարտավորությունները մոտ 190 միլիարդ դրամ են կազմում:

Համաներման գործընթացը կախված է Հարկային օրենսգրքում սպասվելիք փոփոխություններից: