Նրանց փոխարեն կգան նորերը. նախարարը` ԱԱԾ բացահայտումների մասին

ԱԱԾ բացահայտումների հետևանքով գործարարների կապիտալի հնարավոր արտահոսքը ֆինանսների նախարարին չի անհանգստացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության աղմկահարույց բացահայտումները չեն մտահոգում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա այդ կապակցությամբ ասաց` ավելի լավ է դրանք չլինեն Հայաստանում, քան անօրինական աշխատեն:

«Նրանց փոխարեն կգան նորերը՝ օրենքի դաշտում աշխատող»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանը նշեց, որ ֆինասների նախարարության մասնագետները չեն մասնակցել չարաշահումների բացահայտման ու թաքցված հարկերի հաշվարկին:

«Ալեքս Հոլդինգը» միլիոնների չարաշահում է կատարել` համագործակցելով ՊԵԿ ղեկավարության հետ

«Մեր պատասխանատվության շրջանակը բնագավառի քաղաքականության մշակումն է, բայց այդ կոռուպցիոն սխեմաները ծնվում են քաղաքականության իրականացման փուլում: Մենք այս պահին նման հնարավորություն չունեինք, որ մեր գործընկերներին փաստեր տրամադրեինք՝ավելի խորացնելու քննությունն ու ավելի ռիսկային տեղեր գտնելու»,- ասաց նա:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ «մաքուր» աշխատելու և հարկերն ամբողջությամբ վճարելու դեպքում գյուղմթերքի գները չեն բարձրանա՞:

Նախարարն, ըստ էության, չհերքեց նման հավանականությունը:

«Կարող է բերել, կարող է չբերել,-ասաց նա,- կախված է նրանից, թե գնի ձևավորման վրա ազդող մյուս գործոններն ինչ փոփոխություն կունենան և ինչպիսին է եղել մինչ այժմ գոյություն ունեցող գինը; Որքանով է այն համարժեք եղել և որքան է կազմել դրանում հարկի մասնաբաժինը»,- ասաց նա:

Հիշեցնենք` ըստ պաշտոնական մեկնաբանությունների` հարկային չարաշահումների պայմանավորվածության հիմքում հենց գնաճը կանխելու ցանկությունն է եղել:

Երեկ` մայիսի 30-ն, ԱԱԾ-ն 10 խուզարկություն է իրականացրել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ տարածքում. առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, հարցաքննվել են աշխատակիցները, կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ կասկածվող նոտարը, ինչպես նաև քաղաքացիներ, որոնց անուններով այս ընկերությունը կեղծ ԱՁ-ներ է գրանցել։