Վահրամ Բաղդասարյանը ստու՞մ է. կառավարության անդամները հերքում են նրա հայտարարությունը

Նոր կառավարությունը հերքում է. նախկինի կոռուպցիոն պայմանավորվածություններին չի մասնակցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Սուպերմարկետների  սեփականատերերի և կառավարության անդամների  միջև քննարկումներին ֆինանսների ներկա նախարար, նախկին գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը չի մասնակցել։

«Երևան Սիթի» առևտրի կենտրոնում ԱԱԾ ստուգումներն օրինական են. Մաշադյան

Այս մասին այսօր լրագրվողների հետ զրույցում հայտարարեց Ջանջուղազյանը՝ ըստ էության հերքելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երեկվա հայտարարությունը, թե նոր կառավարության անդամները նախկինում, նախկին իրենց պաշտոնեական կարգավիճակներով մասնակցել են ԱԱԾ-ի բացահայտած կոռուպցիոն սխեմաների մասին պայմանավորվածություններին՝ նպատակ ունենալով ուղիներ գտնել հարկերի նվազեցման միջոցով կանխել գյուղմթերքների գնաճը:

«Հայտարարության մեջ ինչ-որ թյուրըմբռնում կա։ Ես չեմ մասնակցել այդ քննարկումներին և ի պաշտոնե էլ չեմ զբաղվել այդ խնդիրներով»,-ասաց Ջանջուղազյանը:

Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը հիշյալ քննարկումների մասնակիցների շարքում  նշել էր նաև ՊԵԿ ներկայիս նախագահի անունը:

ՊԵԿ-ից ևս Sputnik Արմենիային հայտնեցին, որ Դավիթ Անանյանը ֆինանսների փոխնախարարի կարգավիճակով հիշյալ քննարկումներին ներկա չի եղել: