Արցախում «Ղարաբաղ Տելեկոմն» այլևս մենաշնորհ չի ունենա

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ 3 օպերատորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը:

«Քիչ առաջ ավարտվեց պետական նախարար Արայիկ Հարությունյանի հրավիրած մամուլի ասուլիսը: Ընդհանուր առմամբ նշեմ կարևոր ուղերձները՝ Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը, լրագրողների ներկայությամբ պետնախարարը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորներին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով»,- գրել է նա։

Ըստ Պողոսյանի` գործող բաժանորդավճարը շուտով կնվազի 50 տոկոսով, սակագները րոպեավճարի մասով կնվազեն 20 տոկոսով, ռոումինգի մասով կրկին 20 տոկոս նվազում կլինի, իսկ մինչև տարեվերջ ավելի էժան ու որակյալ ինտերնետ կապ կգործի՝ ընկերության կողմից լրացուցիչ շուրջ 11 մլն եվրոյի ներդրման շնորհիվ: