Դավթաշենի տներից մեկում բռնկված հրդեհի պատճառով 63–ամյա բնակիչը այրվածքներ է ստացել

Հրդեհի հետևանքով այրվել է տան ննջասենյակի կահույքը։ Քաղաքացու վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Դավթաշենի տներից մեկում այսօր բռնկված հրդեհի պատճառով մեկ անձ այրվածքներով հոսպիտալացվել է։

ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրության համաձայն` մայիսի 30-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արաբկիրի բնակարաններից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարել են հարևանների օգնությամբ

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 63–ամյա բնակչին` Ա. Ղ.-ին տանից դուրս են բերել քաղաքացիները:

Ա. Ղ.-ը տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:28-ին: Տան ննջասենյակում (12 քմ) ամբողջությամբ այրվել է մահճակալ, պատուհան, դուռ, պահարանը՝ մասամբ:

Երկու ականատես քաղաքացիներին հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: