ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինը` տիտղոսակիր թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, հայտարարել է, որ միշտ ցանկացել է սուպերհերոս լինել և հիմա կարողացել է իրականացնել դա` «կատվի հագուստով» ելույթ ունենալով «Ռոլան Գարոսում»։
«Ես դա անվանում եմ «քեթսյութ» (կատվի հագուստ)` ներշնչված Վականդայից (հորինված երկիր «Սև հովազ» ֆիլմում)։ Ուրախ է։ Ես այս հագուստով ինձ մարտիկ եմ զգում Վականդայի թագուհու նման։ Ես միշտ ապրում եմ ֆանտազիաների աշխարհում։ Միշտ ցանկացել եմ դառնալ սուպերհերոս, և այսպես եմ իրագործել ցանկությունս։ Ես ինձ սուպերհերոս եմ զգում այս հագուստով», — Ուիլյամսի ասածը մեջբերում է Ռ-Սպորտը։
Թենիսիստուհին նաև լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական ցանցում` հուզիչ խոսքեր գրելով վերջերս ծննդաբերած մայրերի համար։
«Բոլոր այն մայրիկների համար, որոնք դժվար են վերականգնվում ծննդաբերությունից հետո։ Ահա և ես։ Եթե ինձ մոտ ստացվել է, դուք նույնպես կարող եք։ Սիրում եմ բոլորիդ», — գրել է Օհանյանի կինը։
Ուիլյամսը, որը անցած խաղաշրջանը բաց էր թողել հղիության և դստեր ծնվելու պատճառով, «Ռոլան Գարոսի» առաջին փուլում հաղթել է չեխ Քրիստինա Պլիշկովային 7:6 (7:4), 6:4 հաշվով։ Սերենան ելույթ է ունեցել իրանը կիպ գրկող կոմբինեզոնով, որը, նրա խոսքով, օգտակար է արյան շրջանառության համար։