Սամվել Կարապետյանի ձեռքից ուզում են վերցնել Հայաստանի բարձրավոլտ ցանցերի բանալին

«Հայաստանի բարձրավոլտ ցանցերի» կոնցեսիոն պայմանագրում «պետությանը ոչ ձեռնտու կետեր են հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն, այդպես ավելի օգտակար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը։

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր» գրուպին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»,- ասաց նա:

Նա չնշեց, թե ինչ կետերի մասին է խոսքը։

ՀՀ կառավարությունը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման էր հանձնել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին (հոլդինգի կազմում է միլիարդատեր Սամվել Կարապետյանը)։