ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն պայմանավորվել են «սերտ բարեկամություն» անել և ընդգծել են պարբերաբար բարձր մակարդակով փոխայցերի անցկացման անհրաժեշտությունը։ Այս մասին Facebook սոցցանցի պաշտոնական էջում հայտնում է Վրաստանի խոսնակի մամուլի ծառայությունը։
Այսօր Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով առաջին անգամ Վրաստան է մեկնել։ Փաշինյանն արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի մի շարք պաշտոնյաների հետ։
«Կոբախիձեն հույս է հայտնել, որ նոր իշխանությունը կնպաստի հայ-վրացական հարաբերությունների հետագա խորացմանը», — գրված է հաղորդագրության մեջ։
Կողմերն ընդգծել են զբոսաշրջության, տնտեսության և քաղաքականության ոլորտում հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Փաշինյանը նշել է, որ Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ու կառավարման խորհրդարանական ձևին անցում կատարելը թույլ է տալիս էլ ավելի խորացնել հարաբերությունները։
«Փաշինյանն ասել է, որ եղել է Հայաստանի և Վրաստանի բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամ և հետևաբար հատուկ ուշադրություն է դարձնում մեր երկրների հարաբերություններին», — գրված է հաղորդագրության մեջ։
Կոբախիձեն և Փաշինյանը նաև քննարկել են հայ-վրացական բիզնեսին առնչվող հարցեր։ Հայկական կողմն ընդգծել է, որ իր համար կարևոր կլինի արևելյան կառույցներին ինտեգրվելու վրացական փորձը։
Կողմերը շնորհակալություն են հայտնել Վրաստանի և Հայաստանի դեսպաններին երկրների հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։
ՀՀ վարչապետի այցը մեկնարկել է մայիսի 30-ին։ Նա արդեն հասցրել է հանդիպել Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, ինչպես նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ։
Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ջանելիձեն։
Հիշեցնենք, որ մայիսի 25-26-ին տեղի էր ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջին աշխատանքային այցը Վրաստան։